Հանդիպում կա. Հերոսները վերածնվում են
Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, և մեկ տարի անց էլ հայ ժողովուրդն ապրում է իր նորագույն պատմության ամենածանր օրերը։ Բայց տառապանքից չեն մեռնում, այլ ավելի են պնդանում։
Կարոտն աչքերին և ցավը սրտում՝ արցախյան 44-օրյա պատերազմում որդիներ կորցրած մայրերը փորձում են ապրել ու ապրեցնել։ Երիտասարդ, բայց արդեն ճերմակած կանայք վիշտը դեմքին, արցունքն աչքերին փորձում են նորից մայրանալ, Մոնթեներ, Գևորգներ, Դավիթներ, Մխիթարներ, Աբգարներ, Էդմոններ, Գրիշաներ , Սարգիսներ ու Նժդհեներ ունենալ։ Որդեկորույս ընտանիքը նոր լույս է փնտրում... Այսպիսին են հայ մայրերը, թշնամուց հենց այսպես են վրեժ լուծում։
Գևորգյանների ընտանիքում արդեն մի քանի օր է նոր կյանք է սկսվել։
Մեկ տարվա լռությունը «խաթարվել» է պատերազմում զոհված Էդմոնի եղբոր՝ Էդմոնի լացով։
Փոքրիկը ծնվել է օգոստոսի 25-ին՝ 3կգ 600 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։
Մայրը՝ Ակսանա Ռուբենյանը, Panorama.am-ի հետ զրույցում ասում է, որ հենց անմահացած Էդմոնն է երազով ասել, որ վերածնվելու է։
«Էդմոնս եկավ երազիս՝ մրգերով լի զամբյուղներով մտավ տուն։ Ասեց, որ չնեղվեք էս ամեն ինչի համար, որորվհետև բոլոր զինվորներս վերածնվելու ենք ու հետ գանք։ Դրա համար էլ այս ամբողջ պտուղները, մրգերը պիտի նորից հետ գան,որ մեր տունը լցնեն»,- պատմում է մայրը։
Մայրը նորածին որդուն նմանեցնում է հերոս որդուն՝ Էդմոնին։
«Էդմոնի նման խարտյաշ, սպիտակամորթ, սպիտակ-սպիտակ է։ Լրիվ Էդմոնս է, անգամ մատների երկարությամբ։ Համեմատում եմ հերոս որդուս մանկության նկարների հետ, կարծես նույն մարդը լինի, ոչ մի տարբերությամբ, նրանց նմանեցրել են անգամ հիվանդանոցի բուժաշխատողները»,- ժպտալով նշում է մայրը։
Ակսանա Ռուբենյանը պատմում է, որ մյուս երեխաները շատ էին կոտրվել իրենց եղբոր զոհվելուց հետո, հատկապես դուստրը՝ Անուշը։ Պատերազմի ժամանակ՝ մինչ որդու զոհվելը, ամուսիններով պլանավորել էին պատերազմից հետո ուժ գտնել ու ունենալ այնքան տղա, որքան իրենց տղան ընկեր է կորցրել, մեկ տղա-մեկ զինվորի փոխարեն...
Նշենք, որ 2001 թվականի ծնված Էդմոն Գևորգյանն անմահացել է 44 օրյա պատերազմում։ Զոհվել է քաջաբար՝ հոկտեմբերի 22-ի լույս առավոտյան, Խնձորեսկի մատույցներում, ԱԹՍ-ից, ընկերոջ կյանքը փրկելիս։
Հաջորդ ընտանիքի՝ Դանոյանների պատմությունը կարծես առեղծված լինի։ Նրանք կորցրել են իրենց որդուն՝ Սարգիս Դանոյանին, սակայն մինչ բանակ մեկնելը Սարգիսը ինչ-որ բան էր կանխազգացել։
«2017 թվականին, պատերազմից 3 տարի առաջ, որդիս՝ Սարգիսը երազ է տեսել, որ իր ծառայության ընթացքում լինելու է պատերազմ, որտեղ նա թշնամու գնդակից զոհվելու է ու հետո ես երեխա եմ ունենալու»,- պատմում է Սարգիս Դանոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։
Սարգիս Դանոյանի եղբայրը՝ Դանիել Դանոյանը ծնվել է 3 կիլոգրամ 180 գրամ քաշով, 47 սանտիմետր հասակով։
«Սարգիսս և Դանիելս շատ նման են իրար, նայում եմ 40 օրականում արված Սարգսի նկարներն ու 5 օրական Դանիելի նկարը, տարբերություն անգամ չես էլ զգում»,- ասում է Կարինե Հակոբյանը։
Սարգիս Դանոյանը ծնվել է 2001 թվականին, զորակոչվել է բանակ 2019 թվականին՝ Ջրականում։ Պատերազմի հենց առաջին օրվանից տարբեր տեղանքներում մասնակցել է մարտական գործողություններին։ Վիրավորվել է Հադրութում, բայց չի լքել իրեն վստահված դիրքը և շարունակել է օգնել զինակիցներին։ Զոհվել է քաջաբար՝ նոյեմբերի 9-ին, Մարտունի 2-ում։
Ազատյանների ընտանիքում ևս 11 ամիս անց լսվել է մանկան ճիչ։
44 օրյա պատերազմում անմահացած Գրիշա Ազատյանի եղբայրը՝ Նարեկ Ազատյանը ծնվել է սեպտեմբերի 4-ին, 3 կիլոգրամ 800 գրամ քաշով։
«Փոքրիկ Նարեկի գալը մեզ համար անսպասելի էր, իսկ Գրիշան միշտ է ինձ հետ, նա հավերժ իմ սրտում է, հոգում ու մտքում։ Նարեկը դեռ փոքր է բայց արդեն զգալի նմանություններ ունի Գրիշայի հետ՝ բերանը, քիթը ամբողջությամբ Գրիշայինն է, տղայիս նման խելոք է, լացկան չի,- մեղմ ժպիտով ասում է Վարսենիկ Գաբոյանը։
Գրիշա Ազատյանը ծնվել է 2001 թվականին, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում: Ծառայության է անցել 2019թ-ի հուլիսի 10-ին՝ Լուսակերտում, որպես կրտսեր-սերժանտ։ Պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում։ Հերոսաբար զոհվել է Թալիշում՝ հոկտեմբերի 1-ին:
Կան մայրեր, որ ցավոք էլ երբեք չեն կարող մայրանալ. Դա չի նշանակում, թե նրանց՝ Հայրենիքին տված որդիները չեն վերածնվի։ Կվերածնվեն։ Կվերածնվեն այլոց զավակներում՝ այդ ծնողների անհուն շնորհակալության հետ... Ու այս շրջապտույտը կշարունակվի միմյանց նկատմամբ սիրո ու նվիրումի հետ։
Այս ընտանիքների պատմությունները լսելիս հասկանում ես, որ Նժդեհը ճիշտ էր.
«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան