Մոսկվայում բացվել է «Երկու ժողովուրդների մարշալ» Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների Մարշալ Բաղրամյան»-ի հուշարձանի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Խորհրդային և հայ ականավոր հրամանատար, երկու անգամ Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված քանդակագործական և ճարտարապետական կոմպոզիցիայի ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն է:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Իր խոսքում նա ընդգծել է, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացումը տեղի է ունենում ՀՀ անկախության հռչակման 30 -ամյակի օրը:
«Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար այս կարևոր օրը մենք բացում ենք մի մարդու հուշարձան, ով մեր ժողովուրդների համար դարձել է Հաղթանակի, ռազմական փառքի և միավորման խորհրդանիշ», - ասել է Վարդան Տողանյանը:
Դեսպանն իր խոսքում նշել է նաև երկու ժողովուրդների պատմության մեջ մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծ ավանդը:
Բաղրամյանի կիսանդրին գտնվում է կոմպոզիցիայի կենտրոնում ՝ գրանիտե երկաստիճան պատվանդանի վրա: Կիսանդրու հետևում կան երկու հայելային գրանիտե սյուներ (3.8 մ բարձրությամբ), որոնք խորհրդանշում են Հայաստանն ու Ռուսաստանը։
Կոմպոզիցիայի քանդակագործն ու ճարտարապետն է Աշոտ Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները