Բլինքեն․ ԱՄՆ-ը հավատարիմ է՝ օգնելու կողմերին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Հայաստանի անկախության առիթով։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ես լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին, երբ դուք տոնում եք ձեր անկախության 30-ամյակը:
Երեք տասնամյակների ընթացքում, երբ Հայաստանը մերժեց ճնշող կոմունիստական կառավարումը և անկախություն հռչակեց Խորհրդային Միությունից, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրին ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների վրա: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նվիրվածությունը և՛ այս ընդհանուր արժեքներին, և՛ իր միջազգային պարտավորություններին, որոնք այդպիսի կենսական դեր են խաղում տարածաշրջանում դեպի խաղաղության և կայունության ամրապնդման համար:
Մենք գնահատում ենք այն կարևոր ներդրումները, որ ամերիկահայերն արել են, որոնք հարստացնում են Միացյալ Նահանգների համայնքները և ավելացնում մեր ազգի կենսունակությունը: Այս մշակութային կապերը և մեր ժողովրդական կապերը շարունակում են ամրապնդել մեր ազգերի միջև կապը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ՝ օգնելու կողմերին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ և հաղթահարել ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները՝ ներառյալ բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների և աճյունների ամբողջական և արագ փոխանակումը:
Այս կարևոր օրը մենք շնորհավորում ենք Հայաստանին և սպասում մեր երկկողմ ամուր հարաբերությունների ամրապնդմանը»,-ասվում է ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան