Ինչո՞ւ է համայնքների խոշորացման նախագիծը ԱԺ բերվել ՏԻՄ ընտրություններից 2 ամիս առաջ. Բաբկեն Հարությունյան
«Հնարավոր չէ՞ր նախագիծն ավելի շուտ ներկայացնեիք, որպեսզի մարդիկ կարողանային նախապատրաստվել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քանի որ արմատապես փոխվում են համայնքները և նոր օրենքով են ընտրություններն անցկացվելու»,- «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Վերջինս նկատեց, որ համայնքների խոշորացման նախագիծը ԱԺ է ներկայացվում ՏԻՄ ընտրություններից 2 ամիս առաջ, այն դեպքում, որ նոր ձևավորվող շատ համայնքներում նախատեսվում են ընտրություններ:
Բաբկեն Հարությունյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել որոշ համայնքներ խոշորացնել շրջանային սկզբունքով, մյուսները՝ փնջային համակարգով։ Նա օրինակ բերեց, երբ որոշ համայնքներում միավորվում է 38 համայնք, մյուսում՝ 12:
«Հայրենիք» կուսակցության անդամը Վաչե Տերտերյանին հորդորեց իր հարցին առարկայական պատասխանել:
Սակայն փոխնախարարը, չանսալով հորդորին, սկսեց երկարաշունչ պատասխան հնչեցնել:
Վաչե Տերտերյանն ընդհանրապես չանդրադարձավ առաջին հարցին, իսկ համայնքների խմբավորման շրջանային և փնջային տարբերակի վերաբերյալ հայտնեց, որ հաշվի են առնվել բնակավայրերի առանձնահատկությունները: