Բայդենը՝ ՄԱԿ-ում․ ԱՄՆ-ը չի ուզում մի նոր սառը պատերազմ, ոչ էլ ուզում է տեսնել մասնատված աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր այս պաշտոնում առաջին անգամ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` հանդես եկավ «աշխարհում որոշիչ այս տասնամյակում համագործակցության» կոչով:
Վերահաստատելով ժողովրդավարության և դիվանագիտության նկատմամբ իր աջակցությանը, Բայդենն ասաց. «Մենք պետք է միասնաբար աշխատենք, այնպես, ինչպես չենք աշխատել նախկինում»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանն անցկացվում է կլիմայական ճգնաժամի, մեկ դարի ընթացքում ամենածանր համավարակի պայմաններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մեր ապագա սերունդների կյանքը կախյալ է այսօր մեր կողմից իրականացվելիք քայլերից: Մենք կանգնած ենք պատմության բեկումնային հանգույցում»,- ասաց Բայդենը:
ԱՄՆ-ի նախագահն իր ելույթում ասաց նաև, թե Միացյալ Նահանգները «չի ուզում մի նոր սառը պատերազմ, ոչ էլ ուզում է տեսնել մասնատված աշխարհ»: ԱՄՆ-ը, նրա խոսքերով, պատրաստ է աշխատել աշխարհի որևէ երկրի հետ, որը պատրաստ է գնալ հարցերի խաղաղ լուծման, եթե նույնիսկ կան տարաձայնություններ:
Նրա այս խոսքերը հավանաբար ուղղված էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը Բայդենի հետ մեկ օր առաջ անցկացված հանդիպման ժամանակ ԱՄՆ-ին և Չինաստանին հորդորել էր խուսափել, իր խոսքերով, հավանական սառը պատերազմից, և կոչ էր արել երկու երկրներին շտկել միմյանց միջև «լիովին անգործունակ» հարաբերությունները:
Բայդենն իր ելույթում անդրադարձավ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերմանը, մի հարց, որը մեծապես դարձել է քննադատության առարկա աշխարհի մեծաթիվ երկրներում: Խոսելով կլիմայական փոփոխության մասին, ԱՄՆ-ի նախագահը խոստացավ, որ ԱՄՆ-ը 11.4 միլիարդ դոլարով կմեծացնի այդ նպատակի համար նոր զարգացող երկրներին դրամական հատկացումները:
Երեքշաբթի օրվա ելույթից հետո նախագահ Բայդենը Նյու Յորքում հանդիպում է անցկացնելու Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ, որը խոսել է Ավստրալիայից և ԱՄՆ-ից իր դեսպաններին հետ կանչելու Ֆրանսիայի որոշման մասին: Հիշեցնենք, որ Փարիզն այս քայլին է դիմում այն պատճառով, որ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի հետ միասին Ավստրալիայի համար համաձայնվել են կառուցել միջուկային սուզանավեր, այս երկրին օգնելու համար պաշտպանվել չինական սպառնալիքից: Այդ գործարքի արդյունքում չեղյալ է հայտարարվում Ֆրանսիայի հետ կնքված ոչ միջուկային սուզանավերի գնումների մասին մոտ 70 միլիարդ դոլարի գործարքը:
Սպիտակ տան խոսնակն ասել է, թե Բայդենը շուտով հեռախոսով զրուցելու է Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան