«Ժողովուրդ». Խորհրդարանում շրջանառվող 51 օրենսդրական նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը դժվարացնող:
Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել և դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում:
Մեկ այլ նախագիծ էլ՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել: Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում