Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին մեղադրել է «ստի և ցինիզմի» մեջ
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ելույթը հագեցած էր «ստով և ցինիզմով»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման որակում է պարունակում Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը, որը չորեքշաբթի հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռաիսին շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը իր ելույթով, որը հագեցած է ստերով և ցինիզմով: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի ռեժիմը և կանխի այդ ծայրահեղականների ձեռքը միջուկային զենքի ընկնելու ցանկացած հնարավորությունը: Իրանի Այաթոլլահի ռեժիմն ուղղակի և անմիջական սպառնալիք է Մերձավոր Արևելքին և համաշխարհային խաղաղությանը: Ռաիսիի գլխավորությամբ Իրանի նոր կառավարությունն այս ռեժիմի ծայրահեղական դեմքն է, որը վնասում է Իրանի քաղաքացիներին՝ ավելի քան 40 տարի խրախուսելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը և ապակայունացնելով ամբողջ Մերձավոր Արևելքը»,- հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երեքշաբթի օրը Ռաիսին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, ասել է, որ Թեհրանն ակնկալում է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը: Նա մատնանշել էր, որ միջուկային զենքը տեղ չունի Թեհրանի պաշտպանական դոկտրինայում: Նույն օրը Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ միջուկային գործարքի ամբողջական վերականգնման բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում:
Ապրիլից Վիեննայում իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև: Կողմերը քննարկում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման, միջուկային ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին ԱՄՆ-ի վերադարձի հարցերը:
Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաև առանձին՝ առանց Իրանի մասնակցության, խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ: Սկզբնական շրջանում պատվիրակությունները նախատեսում էին աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, այնուհետև` հունիսի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին