Ջութակահար Մարկ Բուշկովը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Սեպտեմբերի 29-ին ժամը 20։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը։ Այս երեկոյով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 16-րդ համերգաշրջանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Համերգը կղեկավարի դիրիժորՍերգեյ Սմբատյանը։
Մարկ Բուշկովը ճանաչված ջութակահարներից է, հանդես է գալիս հեղինակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ։ Նա ծնվել է 1991թ. Բելգիայում՝ ջութակահարների ընտանիքում: Ջութակի առաջին դասերը առել է պապիկից 5 տարեկանում։ Երաժիշտը մասնակցել է և մրցանակների արժանացել մի շարք հեղինակավոր մրցույթներում՝ Մոնրեալի ջութակահարների միջազգային, Չայկովսկու միջազգային մրցույթներ և այլն։ Նրա կատարումները հնչել են աշխարհի լավագույն բեմերում։
Բուշկովը մեծ գնահատանքի է արժանացել երաժշտական քննադատների կողմից իր կատարողական վարպետության և երաժշտական ճկունության համար։
Մարկ Բուշկովը Հայաստանում առաջին անգամ չէ, նրա կատարումները հիացրել են հայ ունկնդրին։ Սեպտեմբերի 29-ին մեր երաժշտասերները կրկին հնարավորություն կունենան վայելելու Բուշկովի ջութակի հնչյունները։
Սեպտեմբերի 29-ին մեկնարկող «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Կանցկացվեն սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում ելույթներ կունենան համաշխարհային ճանաչում վայելող արտիստներ։
«Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի համատեղ ջանքերով: Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին