Պեսկովը հերքել է Զելենսկու օգնականի դեմ մահափորձում ռուսական կողմի խառը լինելու վարկածը
Կիևի մերձակայքում Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ կատարված մահափորձի գործում «ռուսական հետք» որոնելու փորձերը իրականության հետ կապ չունեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «kommersant.ru»-ն։
Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Առախամիայի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել մահափորձի կազմակերպմանը:
«Ցավոք, մեր ժամանակներում, ինչ էլ որ տեղի ունենա Ուկրաինայում, ներկայիս քաղաքական գործիչներից ոչ մեկն ի վիճակի չէ բացառել ռուսական հետքը: Իհարկե, դա ոչ մի կապ չունի իրական իրավիճակի հետ, դրանք ավելի շուտ չափազանց հուզական վիճակի նշաններ են», - ասել է Պեսկովը:
Մինչդեռ Զելենսկին հայտարարել է, որ չգիտի, թե ով է կանգնած իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի հետևում, սակայն, ըստ նրա, կատարվածին պատասխանը կլինի ուժեղ:
«Իմ առաջին օգնականի, ավելի կարևորը՝ իմ մտերիմ ընկերոջ՝ Սերգեյ Շեֆիրի մեքենան գնդակահարվել է: Սերգեյը ողջ է, վարորդը, ցավոք, վիրավոր է ...Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ով է կանգնած սրա հետևում: Այդ ի՞նչ ուժեր են: Նրանք կարող են լինել ներքին կամ արտաքին, բայց ես դրանք ուժ չեմ համարում, քանի որ թուլություն է, իմ ընկերոջ մեքենայի վրա անտառից կրակելով ինձ ողջույններ հղելը, պատասխանը կլինի ուժեղ», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է մահափորձի մասին տեղեկությունը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Կիևի մերձակա Լեսնիկի գյուղի մոտակայքում, ժամը 10:00-ին: Տասից ավելի փամփուշտ է դիպել մեքենային: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում հարձակվողներին գտնելու համար: