Պաշտպանը հանդիպել է L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։
Այնուհետև Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ուղեկցությամբ L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտում գործող «Լոտոս» հյուրանոց և հանդիպել Արցախի օկուպացված համայնքներից տեղահանված ընտանիքներին։
Կազմակերպության ներկայացուցիչները լսել են տեղահանված անձանց պատմությունները, ծանոթացել նրանց կեցության պայմաններին և խնդիրներին՝ հանձնառություն ստանձնելով իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու գործողություններ արցախցիներին աջակցելու ուղղությամբ։