ԱԺ-ում մեկնարկել են համայնքների խոշորացման նոր օրենսդրական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները
«Ի՞նչ է խոշարացումը, այն բավականին դրական պրոցես է»,- այսօր ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների բացման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ տեղեկացնելով, որ լսումների օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծն է:
Նա նշեց, որ համայնքների խոշորացման հայեցակարգն ընդունվել է 2011 թվականին, իսկ 2016թ-ին կառավարության նախաձեռնությամբ առաջին փուլով ՀՀ 486 համայնք միավորվել է 54 խոշորացված համայնքի մեջ:
Ղալումյանը հայտնեց, որ քննարկվող նախագծով առաջարկվում է մնացած 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք:
Այնուհետև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն ներկայացրեց օրենքի նախագիծը: