Սա հանրային շահ չէ, այլ տոտալ դիկտատուրա է՝ մեկ անձի իշխանությունը հաստատելու նպատակով. Աշոտ Սիմոնյան
«Առաջարկվող օրենքի նախագիծը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում, որևէ կապ չունի համայնքների հավասարաչափ զարգացման, հանրային շահի հետ, այլ երկրում տեղական ինքնակառավարման մակարդակով մեկ անձի իշխանությունն ամրապնդելուն է միտված»,-այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը:
Նկատելով, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է, որ նախագծի մշակման հիմքում դրված են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նաև քաղաքականը՝ Աշոտ Սիմոնյանը հայտարարեց, որ ներկայացված օրինագծում բացառապես դրված է քաղաքական հանգամանքը:
Պատգամավորը նկատեց, որ կառավարությունը և իշխանական պատգամավորներն իրենց խոսքերումշեշտում են խոշորացման շրջանային մոդելի առավելությունը, բայց ներկայացված նախագծում այդ մոդելը գլխիվայր շուռ է տրված:
Հիշեցնելով, որ նախորդ ելույթում ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրել է, թե ինչպես ժամանակին Վայքից մի բնակավայր կցել են Ջերմուկի բդեշխությանը՝ Սիմոնյանը ասաց. «Պարոն Բագրատյանը թող նույն տրամաբանությամբ բացատրի, թե ո՞ր բդեշխների համար է, օրինակ, Էջմիածնի շրջանը բաժանվում 4 բդեշխությունների և նման բազում օրինակներ»:
Բանախոսը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ են փորձում գործող խոշորացված համայնքը, որի ղեկավարի նկատմամբ շանտաժը, վախեցնելը, բանագնաց ուղարկելը չի աշխատել, բերել և կցել այլ համայնք, և խոշորացման անվան տակ ազատվել տվյալ համայնքի ղեկավարից:
Աշոտ Սիմոնյանը մատնանշեց Գեղամասար համանքի օրինակը:
«Բոլոր համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարներն ունեցել են այլ քաղաքական հայացքներ, հայտնվել են համայնքների անցանկալի ղեկավարների շարքում, և օրենքով որոշակի մեխանիզմներ են գտել իրենցից ազատվելու համար»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Սա հանրային շահ չէ, այլ տոտալ դիկտատուրա է մեկ անձի իշխանություն հաստատելու նապատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ. Գեղամասար համանքի ղեկավար
- Համայնքների խոշորացումը չպետք է առանց կոնսենսուսի և հասարակական համաձայնության իրականացվի. Էմին Երիցյան
- Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. Իրինա Գասպարյան
- Ինչո՞ւ է համայնքների խոշորացման նախագիծը ԱԺ բերվել ՏԻՄ ընտրություններից 2 ամիս առաջ. Բաբկեն Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան