Իրենց մոտ նորմ է դարձել ադրբեջանական լեքսիկոնի օգտագործումը մեր խորհրդարանում. Արթուր Ղազինյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այս պահին ցուցաբերում է բացարձակ անգործունակություն, չի իրականացնում պատշաճ խորհրդարանական վերահսկողություն, չի կանչում հաշվետվության կառավարության և իշխանության մարմիններին, որոնք ուղղակի պատասխանատու են սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության, արտաքին անվտանգության համար: Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ես եկել էի աշխատանքային մթնոլորտում քննարկելու Հայաստանի սահմաններին, հատկապես Սյունիքի սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը, քանի որ Հայաստանի արտաքին սահմաններին տիրում է ողբալի իրավիճակ, ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման, Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին, սակայն հանձնաժողովի նախագահն ու իշխանության անդամները մերժեցին սահմանային իրավիճակը քննարկելու վերաբերյալ իմ առաջարկությունը»,- նշեց նա:
Այսօր Ա. Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հանձնաժողովի իշխանական անդամները դեմ էին նրա թեկնածությանը:
«Ինձ համար իրականում առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալը լինելը, մեծ հաճույք չէ, բայց սա ընդդիմության գործառույթ է, որն այս պահին դրված է իմ վրա, «Հայաստան» խմբակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը:
Մեկ ամիս ձևավորված է հանձնաժողովը, չորս արտահերթ նիստ է եղել, բացի մեկ հարցից որևէ այլ հարց օրակարգ չի բերվել: Իշխանությունը անգործունակ է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, որ իրենք այսօրվա առաջարկությամբ՝ քննարկել սահմանային իրավիճակը, փորձեցին գոնե բովանդակության տիրույթ վերադարձնել հանձնաժողովի աշխատանքները. «Իշխանությունը դեմ քվեարկեց, ասելով, որ հանձնաժողովի անդամներից մեկը գտնվում է, իրենց բառերով, Զանգեզուրում, մեր բառերով՝ Սյունիքի մարզում: Տեղեկացրեք պարոն Քոչարյանին օգտագործի Հայաստանի օրենսդրությամբ տեղանունները, իրենց մոտ նորմ է դարձել ադրբեջանական լեքսիկոնի օգտագործումը մեր խորհրդարանում: Թող կոռեկոտ ու զգույշ լինեն»:
Նրա խոսքով, այսօր իշխանության կողմից սաբոտաժ է արվում հաձնաժողովի բնականոն աշխատանքը:
«Մենք փորձեցինք բերել բովանդակության դաշտ, քանի որ այն մարտահրավները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի արտաքին անվտանգության սահմանների անխախտելիության և ինքնիշխանության առումով ուղղակի անհամեմատելի են այսօր օրակարգում ընդգրկված մեկ հարցի հետ»,- նշեց Ա. Ղազինյանը:
Նա նշեց, որ այսօր Գորիս-Կապան ավտոճանապարհն անվտանգ չէ, ինչը ցույց տվեց ժամանակը, անցած 2-3 շաբաթվա ընթացքում ադրբեջանցիների լկտի վարքագիծը, որոնք այնտեղ գտնվում են Փաշինյանի անձնական հրավերով, այդ ճանապարհով երթևեկելը կյանքի ու առողջության համար լուրջ սպառնալիք է:
«Հայաստան» խմբակցության անդամը նաև ընդգծեց, որ Սովետական Հայաստանի սահման գոյություն չի ունեցել և չունի, դա եղել է Խորհրդային միության մեջ երկու հանրապետությունների վարչական սահման, իսկ պեական սահմանի մասին օրենքը հստակ սահմանում է այն ընթացակարգը, որով պետք է տեղի ունենա սահմանների սահմանագծումն ու սահմանագծումը, այնտեղ չկա GPS սարք, բանավոր փոխըմբռնումը որպես ընթացակարգ նախատեսված չէ:
«Հետևաբար տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտում, որն իր հետևից բերել է լիազորությունների վերազանցում, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն, պետական դավաճանություն:
Այդ մասին ես խոսեցի հանձնաժողովի նիստին: Ըստ երևույթին, նրանց այդ բորբոքված վիճակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ես իրենց ուղիղ տեքստով մեղադրեցի հանցագործություն կատարելու մեջ»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը խորացնում է կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում»
- Զանգեզուր չի, Սյունիք է. Արթուր Ղազինյանի նկատողությունը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան