Ռոմելլա Աբովյան. Եթե չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա յոթ օրերին կունենանք կորոնավիրուսի մոտ 5 930 նոր դեպք
«Ցավոք, Հայաստանում կորոնավիրուսային համաճարակը դեռևս գնահատվում է լարված։ Վերջին 14 օրվա ընթացքում՝ դրան նախորդող 14 օրերի տվյալների համեմատ, ունենք կորոնավիրուսի նոր դեպքերի 18 տոկոսով աճ»,- ընթացող ասուլիսում հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով, վարակի տարածվածության տեմպը ևս աճել է, վերջին յոթ օրում վարակի վերարտադրողական ցուցանիշը կազմել է 1.2։
«Սա նշանակում է, եթե մենք չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա յոթ օրերի ընթացքում կունենանք մոտավորապես 5 930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ հոսպիտալացվածների 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք»,- ասաց նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իրավական կարգավորւմներին, բանախոսը նշեց, որ նման կարգավորումները հիմնված են տվյալների վերլուծության վրա։
«Հոկտեմբերի մեկից տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար 14 օրը մեկ թեստ հանձնելու պահանջ է սահմանված, բացառությամբ պատվաստվածների։ Հիմնական նպատակն է կանխել վարակի տարածումն ու ծանր, ծայրահեղ ծանր դեպքերը, մահվան ելքերը, ինչը հնարավոր է իրականացնել միայն պատվաստումների միջոցով»,- ասաց նա։
Ռ. Աբովյանի խոսքով, հիմա պատվաստումների ակտիվացում է դիտվում, շատ կազմակերպություններ, ընկերություններ են դիմում աշխատակիցների պատվաստման համար։
«Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ միայն պատվաստումը թույլ կտա կառավարել այս վիրուսը»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Ասուլիսի մյուս բանախոս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն էլ հայտարարեց, վերահսկողության շրջանակում տեսչական մարմինները շարունակելու են ստուգայցերը, վարչական վարույթները։ Ստուգայցերը պատահական են, դրանք առաջնահերթ իրականացվում են մարդաշատ վայրերում, ցանկում ընդգրկվում են ռիսկային կազմակերպությունները, որոնց աշխատակիցների թվում կան կորոնավիրուսով երեք և ավելի հիվանդներ։
«Տեսչական մարմնի ստուգայցերի նպատակը ոչ թե տուգանքներն են, այլ կորոնավիրուսի կանխարգելումը»,- նշեց Հարությունյանը։
Կորոնավիրուսոի սահմանափակումներին վերաբերող իրավական ակտերի պահանջների չկատարման, խախտումների դեպքում առաջին անգամ ֆիզիկական անձինք կտուգանվեն 10-20 հազար դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ տուգանքը կազմում է 40-120 հազար դրամ։
«Մենք կարող ենք նույն օրվա մեջ նույն հիմնարկ այցելել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին