Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում հանդիպել է Հունաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Սերբիայի ԱԳ նախարարների հետ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների հետ։ Հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 22-ին Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:
Նախարար Միրզոյանը իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը՝ այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը:
Զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպնման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքը ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։
Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 22-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։
Ղարաբաղյան հակամարտության համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը
Սեպտեմբերի 22-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը լեհ գործընկերոջը շնորհավորել է 2022թ․ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձևաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը:
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը և տևական ու համապարփակ կարգավորումը։
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Սլովենիայի ԱԳ նախարարի հետ
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ:
Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահության ստանձման համատեքստում: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում՝ ներառականության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։
Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը։ Փոխգործակցության հետագա խորացման տեսանկյունից կարևորվել է Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը։
Տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-սերբական միջկառավարական հանձանժողովի ստեղծման կարևորությունը։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Սերբիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրատապությունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ընդգծվել է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
Հայաստանի և Նիկարագուայի ԱԳ նախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը։
Հայաստանի և Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին