Հայաստանի բնակչության 7 %-ն արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է. Թագուհի Թովմասյան
«Այսօր մենք այստեղ պետք է քննարկենք թե մարդու իրավունքներն են մեր համար գերակա, թե՝ մարդկանց իրավունքները»,-այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկման մեկնարկին հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում քննարկվում է «Հանրային ծառայությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որով հոկտեմբերի 1-ից պարտադրանք է կիրառվելու՝ 14 օրը մեկ անգամ թեստավորվել, պատվաստման սերտիֆիկատ ներկայացնել կամ բժիշկների հակացուցման մասին եզրակացություն ներկայացնել:
Թովմասյանը նկատեց, որ մի կողմից կա հանրային շահի՝ առողջության ապահովման խնդիր, մյուս կողմից էլ մարդկանց իրավունքի խնդիր կա, երբ նրանց պարտադրվում է որևէ բան՝ անկախ իրենց կամքից, որը հակասության մեջ է Սահմանադրության հետ, իսկ ներկայացված օրենքի նախագիծը բավականին խնդրահարույց հարցեր է պարունակում:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր քննարկմանը ներկա գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչու պատվաստվելը Հայաստանում հանրային պահանջարկ չի դառնում, իսկ քարոզարշավը թատրոնի տոմս տալու մակարդակով է իրականացվում:
«Մենք եվրոպայի խորհրդից վերջերս հյուրեր ունեինք, որոնք պնդում էին, որ որևէ դեպքում պարտադրանքն ընդունելի չէ, պետք է մարդկանց գիտակցությունը բարձրացնել, որպեսզի նա կամովին գնան ու պատվաստվի»,-հայտնեց Թովմասյանը և հավելեց. «Հայաստանի բնակչության 7 %-ը արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է մնացել, ինչը խնդրահարույց է»:
Անահիտ Ավանեսյանը հորդորեց իրավիճակը ճիշտ ներկայացնել՝ զգալ անձնական պատասխանատվություն, քանի որ գործ ունեն մարդկանց առողջության հետ:
Նա հավաստիացերց, որ դեռ մարտ ամսից մարդկանց իրազեկում էին պատվաստման անհրաժեշտության մասին, բայց ոչ գիտական հակաքարոզչության պատճառով պատվաստման գործընթացը լավ չի գնում::
«Նախորդ օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ ողջ ժամանակահատվածում՝ 377405 պատվաստում է արվել: Առաջին դեղաչափ ստացել են 244374 քաղաքացի, իսկ երկորդ դեղաչափը՝ 133 031 քաղաքցի»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ նախկինում ՀՀ քաղաքացիների 7 %-ն էր ցանկություն հայտնում պատվաստվել, այսօր ցանկացողները 40% են կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան