Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահին տեղեկացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման հետ կապված հարցերի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ: Այս մասին գրում է Interfax.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Շվեդիայի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են մի շարք ուղղություններով, և այդ համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Բայրամովը Լինդեին տեղեկացրել է նաև տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության կատարման հետ կապված հարցերի մասին:
Ասվում է, որ Բայրամովն ու Լինդեն կարծիքներ են փոխանակել «վերակառուցման հետկոնֆլիկտային փուլի» վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև փոխգործակցության և համագործակցության հարցեր: