Freedom House-ի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները։
ՄԻՊ գրասենյակից մանրամասնում են, որ զեկույցում հղում է արված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս և խուսափել հատկապես TikTok- ից՝ վկայակոչելով թուրքական և ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը:
Մեծ կարևորություն ունի նաև այն, որ Freedom House-ի զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։
Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։