«Կասպերսկի». Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է
Թաքնված կրիպտոմայներների գրոհների 2021-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում գտնվող օգտատերերի համակարգիչների 0,73%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,38%-ի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 1,21%-ի մոտ. այդ ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը այն երկրների շարքում, որոնց օգտատերերին ամենից շատ գրոհել են մայներները:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,35%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, Ադրբեջանում՝ 1,26%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին թաքցված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանում (3,99%), Եթովպիայում (2,66%) և Ռուանդայում (2,19%) գտնվող օգտատերերին։
2021-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մայներների 31 443 նոր մոդիֆիկացիաներ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի 3672-ի դիմաց։
Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Դրանցից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չբացել անծանոթ հասցեներից եկած հաղորդագրություններին և նամակներին կցված ֆայլերը (նիշք), կանոնավոր կերպով կատարել բոլոր կարևոր ֆայլերի կրկնօրինակում և նորացնել բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, ինչպես նաև կիրառել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները և ներբեռնում ու տեղադրում դրանք փակող թարմացումները։
Ընկերություններին անհրաժեշտ է բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։
Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։
Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել Default Deny տեխնոլոգիան։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է
- «Կասպերսկի». Ֆինանսական վնասաբեր ծրագրերը գրեթե կրկնակի քիչ են անհանգստացնում հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան