Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
«Տիկին Ավանեսյան, խնդրում եմ իմ հարցերին կոնկրետ պատասխան տալ, պետք չէ այստեղ դասախոսություն կարդալ, և այդպես էլ պատասխանը չհնչեցնել»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հորդորեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։
Վերջինս նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանում չի հրապարակվում կովիդով հիվանդացածների, հոսպիտալացվածների, մահացածների տարիքասեռային և այլ վիճակագրությունը և ինչո՞ւ չի իրականացվում վերլուծություն, թե մահացածներից քանիսն են պատվաստված եղել կովիդի դեմ:
Նա հայտնեց, որ Հայաստանում այդպես էլ պատվաստման և դրա հակազդեցության թեմայով քննարկում չի իրականացվել, փոխարենը բոլոր հարցերը փորձում են լուծել վարչարարական, հարկադիր մեթոդներով։
Գրիգորյանը հայտնեց, որ երբեք չի զբաղվել պատվաստման դեմ քարոզով, բայց երբ իրեն հարցնում են, թե պե՞տք է արդյոք պատվաստվել, ինքը միշտ պատասխանում է, որ այդ որոշումը պետք է լինի գիտակցված:
Պրոֆեսորը պատվաստման բացասական հետևանքների օրինակներ բերեց՝ շեշտելով դրանց անթույլատրելիությունը հղի կանանց համար, քանի որ այն կարող է հանգեցնել վիժման։
Նրա հավաստիացմամբ՝ նման դեպքեր արդեն եղել են տարբեր երկրներում։
Անահիտ Ավանեսյանն ընդհատեց պրոֆեսորին և պահանջեց ապացույցներ ներկայացել։
«Ես խնդրում եմ ձեզ հենց հիմա կոնկրետ նշել, թե որ պատվաստանյութը հակացուցումներ ունի։ Եվ ինչ հակացուցումների մասին է խոսքը։ Խնդրում եմ, մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքերը։ Հղի կանայք ամբողջ աշխարհում պատվաստվում են»,- հայտարարեց նախարարը։
Պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը գրպանից հանեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հրահանգը, որում հակացուցումներ կային ոչ միայն հղի կանանց, այլև կրծքով կերակրող մայրերի համար։
Գիտնականը սխալ համարեց նաև կառավարության որոշումները, որով քաղաքացիներին արգելվում է հարազատների հոգեհանգիստը բաց դագաղներով կատարել, ինչպես նաև՝ մահացածներին դիահերձել, այն դեպքում, երբ ապացուցված չէր, որ մահացածը կարող է վարակել, իսկ հետագայում արդեն պարզվել, որ մահացած մարդուց վարակվել հնարավոր չէ։
Գիտնականի հարցի շարադրման ընթացքում Անահիտ Ավանեսյանը պարբերաբար կրկնում էր, որ շտապում է կառավարության կոմիտեի նիստին, իսկ վերջում, չպատասխանելով Գրիգորյանի հարցերին, լքեց քննարկումը, իր փոխարեն քննարկմանը թողնելով Առողջապահության փոխնախարար Սուրեն Գրիգորյանին:
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք մենք ինքներս էլ չենք համարվում այդ բիզնես շահերի սպասարկման օբյեկտ. Արա Զոհրաբյան
- Համաչափության, խտրականության սկզբունքի արգելքները խախտված են, և մենք աղմուկ ենք բարձրացնելու. Արա Զոհրաբյան
- Հայաստանի բնակչության 7 %-ն արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է. Թագուհի Թովմասյան