Գնացքը վաղը կգա ԱԺ. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման նախագծի վերաբերյալ
«Այս տարիների փորձը ցույց է տվել, որ եթե համայնքի բնակչությունը 3 հազարից քիչ է՝ այդ համայնքում մի շարք խնիրներ են առաջանում օրենքով սահմանված լիազորություների և ծրագրերի իրականացման հարցում»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ նախագծով ավարտվում է համայնքների խոշորացման գործընթացը և արդյունքում Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը:
Սանոսյանը տեղեկացրեց, որ նախկինում խոշորացված որոշ համայնքներ երկրորդ անգամ են խոշորացվել, մյուսները՝ ոչ, բայց չհիմնավորեց տարբերակված մոտեցումը:
«Եթե որոշ մանր փոփոխություններ հաշվի չառնենք, ապա նախկին Սովետական շրջաններից մոտ 20-ը կվերականգնվի»,- հայտարարեց նախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Սանոսյանից հետաքրքրվեց , թե ինչո՞ւ է Վանաձոր, Գուգարք, Շահումյան և Դարպաս գյուղերը միավորվել մեկ համայնքի մեջ, իսկ Գյումրիին մոտ գտնվող համայնքները չեն միավորվել վերջինիս:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ աշխարհագրական դիրքն են հաշվի առել, ինչպես նաև Լոռու մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերի գործոնը:
«Ես կարող եմ ողջամիտ կասկած ունենալ, որ նպատակը խոշորացնելուց հետո Վանաձորը նոր վարչատարածքային միավոր դարձնելը և այնտեղ հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելն է, որից հետո դուք հնարավորություն կստանաք համայնքի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, մինչև կհասկանաք, թե ձեր սրտի ուզածն ով է»,- ասաց Կյուրեղյանը և հավելեց, որ նախարարի ոչինչ չասող պատասխանն իր կասկածներն ավելի խորացրեցին:
«Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Աշոտ Սիմոնյանը, տեղեկացնելով, որ նաև իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ համայնքների խոշորացման նախագիծն արդեն ընդունված է և գնացքը գնացել է, հարցրեց նախարարին. «Ասեք խնդրում եմ, գնացքն արդեն գնացե՞լ է, եթե այո, ապա ինչ ենք այստեղ քննարկում, եթե ոչ՝ հորդորեք ոլորտի ձեր գիտակներին հասարակության մեջ այդ տեղեկատվությունը չտարածեն»:
Գնել Սանոսյանն էլ պատասխանեց՝ գնացքը վաղը կգա ԱԺ, պատգամավորները կքննարկեն և այն կընդունվի կամ չի ընդունվի:
Նախարարը նաև ընդունեց, որ խմբագրական խնդիրներ կարող են լինել, քանի որ օրենքի նախագիծը մշակելիս ժամանակի սղության խնդիր են ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան