Էստոնիայում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել երկրի օդային տարածքը խախտելու համար
Ռուսաստանի դեսպանին կանչել են Էստոնիայի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա՝ ռուսական A-50 ինքնաթիռի կողմից իր երկրի օդային տարածքի խախտման համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Էստոնիայի ԱԳՆ-ին:
«Էստոնիայի տեսանկյունից՝ խոսքը գնում է չափազանց ցավալի և լուրջ միջադեպի մասին, և նմանատիպ կրկնվող դեպքերն անընդունելի են»,- ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ միջադեպի մանրամասներ են հրապարակվել Էստոնիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում: Զինվորականները հայտնել են, որ ինքնաթիռն Էստոնիայի օդային տարածքում գտնվել է մեկ րոպեից էլ պակաս ժամանակահատվածում: Օդանավն ունեցել է թռիչքի պլան, սակայն այն շարժվել է հաղորդիչներն անջատած վիճակում, ինչը խանգարել է օդային չվերթների էստոնացի կարգավորիչներին շփվել օդաչուների հետ:
Շտաբից պարզաբանել են, որ ինքնաթիռը նկատվել է Վինդլու կղզու տարածքում՝ նշելով, որ սա 2021 թվականին Էստոնիայի օդային տարածքի վեցերորդ խախտումն է: