Խաղողագործ. Կառավարության պատճառով օրը 500 կիլո խաղող եմ կորցնում
Մի խումբ խաղողագործներ այս պահին կառավարության շեքի դիմաց են՝ արտահայտելու իրենց դժգոհությունը կառավարության անգործության վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, դեռ 2018-ին Փաշինյանը խոստացել էր, որ մթերման հետ կապված որևէ խնդիր գյուղացիները չեն ունենա։
Խողողի մթերման խնդրի հետ բախված գյուղացիները նշում են, որ Կոնյակի գործարանը նախ կրճատել է մթերման ծավալները, գինն էլ չի ավելանում՝ չնայած բարձր գնաճին ու գնաճին համապատասխան գինը բարձրացնելու մասին գործարանի խոստմանը։
«Ես լավագուն խաղող արտադրողն եմ։ Տարիներ շարունակ գործարանին եմ տվել 20-22 տոննա խաղող, այսօր ծավալները կրճատել է, հասցրել 8.5 տոննա։ Անցած տարի ավելացած բերքն ընդունել է Գագիկ Ծառուկյանի «Նոյ» գործարանը, այսօր չի ընդունում։ Եթե կառավարությունն իր տեղում լիներ, պետք է խոշոր մթերողների հետ իր հարաբերությունները պարզեր վաղօրոք, որպեսզի բերքահավաքի շեմին գյուղացին այդ խնդրին չբախվեր»,-ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից տղամարդը։
Նրանց խոսքով, կառավարության անգործության հետևանքով այգետերերը վնաս են կրում, խաղողն արևի տակ քաշ է գցում ու չամիչ դառնում։
Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ հանդիպումից դուրս եկած գյուղացիները նշում են, այսօր նոր փոխնախարարն ասում է՝ բանակցություններ են վարում։
«Սրանք մենակ կարողանում են լացելու ու լավ գործ անելու իմիտացիա անել, նախկիններից դա լավ ժառանգել են։ Բայց խնդիրներին լուծում չեն տալիս»,-ասում է գյուղացին՝ նշելով, որ Հայաստանից կոնյակի, գինու, օղու արտահանման ծավալներն ավելացել են։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ «Ծառուկյան Գագոյի նման խոշոր մթերողը» դուրս չգա շուկայից։
«Ես ասում եմ, կառավարության պատճառով օրը 500 կիլո խաղող եմ կորցնում։ Ես չեմ հասկանում, սրանց հետո ո՞նց խոսենք»,-նշում է նա՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի մթերում, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է. մարզպետ
- Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
- Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին