Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացվել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների փաստեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի պատվիրակության անդամներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը, Արտյոմ Սեդրակյանը մանրամասն ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը, այդ թվում՝ Հայաստանի Գորիսից Որոտան տանող ճանապարհին ադրբեջանական անցակետ ապօրինի տեղակայելու հետ կապված կոնկրետ խնդիրները, որոնք արձանագրվել են տեղում փաստահավաք աշխատանքների արդյունքում: Նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:
Ներկայացվել է Պաշտպանի դիրքորոշումը, որ ադրբեջանական զինծառայողների հանցավոր արարքները նպատակային ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են հայ գերիների վերադարձի գործընթացը նույնպես՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Նաև ներկայացվել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները, ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան