Չիպերի սղության պատճառով ավտոարտադրողների եկամուտները կկրճատվեն 210 մլրդ դոլարով
2021 թվականին խոշոր ավտոարտադրողների եկամուտները կնվազեն 210 միլիարդ դոլարով՝ չիպերի և կիսահաղորդչային բաղադրիչների համաշխարհային սղության պատճառով: AlixPartners խորհրդատվական ընկերության զեկույցում բերված վիճակագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ընկերությունը մայիսին ավտոարտադրողներին կրած վնասները գնահատել էր 110 միլիարդ դոլար, իսկ հունվարին` 60,6 միլիարդ դոլար:
«Բոլորը հույս ունեին, որ գոնե հիմա հնարավոր կլինի հաղթահարել կիսահաղորդիչների բաղադրիչների պակասը, սակայն Մալազիայում և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում կորոնավիրուսի վարակի բռնկումն ավելի սրեց իրավիճակը»,- ասել է AlixPartners-ի ավտոարդյունաբերության վերլուծաբան Մարկ Ուեյքֆիլդը:
Ըստ նոր կանխատեսումների՝ համաշխարհային ավտոմեքենաների արտադրությունը 2021 թվականին կնվազի 7,7 միլիոնով: Մայիսին AlixPartners-ը կանխատեսում էր 3,9 միլիոն ավտոմեքենայի արտադրության կրճատում:
Նախորդ շաբաթ IHS Markit հետազոտական ընկերությունը նույնպես տարեկան ավելի քան 13 միլիոնով կրճատեց ավտոմեքենաների համաշխարհային արտադրության իր կանխատեսումը:
Ամերիկյան General Motors ընկերությունը նախորդ շաբաթ հայտարարեց Հյուսիսային Ամերիկայի յոթ գործարաններում հոսքագծերի աշխատանքների դադարեցման մասին: Ford Motor-ը դադարեցրել է արտադրությունը Միսսուրիի, Միչիգանի և Կենտուկիի գործարաններում: Ճապոնական Toyota Motor Corp ընկերությունը օգոստոսի վերջին հայտարարել էր սեպտեմբերից իր արտադրության 40%-ով կրճատման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան