Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների միջև
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները:
Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։
Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների և անձամբ Գլխավոր քարտուղարի կողմից հնչող հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելուն և պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու անհրաժեշտությանը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր։