«Հրապարակ». Ոչ մի գումարման խորհրդարանում այսքան մեղադրյալ չի եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ութերորդ գումարման խորհրդարանը տարբերվում է նախորդներից նաև նրանով, որ Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերի պատգամավորների մեծ մասի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Ժամանակին ՀՀ նախկին նախագահներն այդքան անողոքաբար չէին հետապնդում իրենց քաղաքական հակառակորդներին և այսքան շատ գործեր չէին հարուցում, ինչքան անում է նախկին ընդդիմադիր, նախկին քաղհալածյալ Նիկոլ Փաշինյանը:
Մեղադրյալի կարգավիճակում գտնվող պատգամավորների մեծ մասն իշխանության թիրախում է հայտնվել շատ ավելի վաղ․ մի մասը՝ պատերազմից առաջ, մյուսները` հետո: Հատկապես շատ են իշխանությունների դեմ ծավալված բողոքի ակցիաների առիթով` որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչներ, հետապնդվող գործիչները։ Նրանցից 3-ը կալանքի տակ են, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բնակավայրից չբացակայելու ստորագրությունը։ Սա նշանակում է, որ կալանավորված անձինք զրկված են օրենսդիր գործունեություն իրականացնելու հնարավորությունից, իսկ մյուսները` առանց նախաքննական մարմինների կամ դատարանի թույլտվության, չեն կարող Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Սակայն գաղտնիք չէ, որ պատգամավորական գործունեության մաս են կազմում գործուղումները։
Պարզ ասած, երկու խմբակցություններում էլ պատգամավորների գրեթե կեսը, իսկ Վանեցյանի խմբակցությունում՝ կեսից ավելին, իշխանական կամայականությունների պատճառով զրկված են երկրից մեկնելու հնարավորությունից, եթե անգամ դա պատգամավորական գործուղում է, և ՔՊ-ն մեծ մասամբ «սամ սեբե ռեժիսոր» է․ միայնակ է մեկնելու գործուղումների՝ առանց ընդդիմության մասնակցության և վերահսկողության։
Խնդիրը նաև քննարկվել է խորհրդարանում: Մեր տեղեկություններով, ԱԺ խորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ ՊՈՒ ղեկավար Արթուր Վանեցյանը բարձրաձայնել է հարցը՝ իշխանականներին հորդորելով հանգուցալուծել խնդիրը, որպեսզի լուծվի պատգամավորների գործուղումների հարցը։ Չէ՞ որ անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում կան ընդդիմադիրներ, օրինակ` Արմեն Գևորգյանն է ընտրվել, որոնք Եվրոպայի խորհրդի նիստերին մասնակցել չեն կարողանա»։
Մանրամասները թերթի այսրվա համարում