Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին․ Ջոն Գալագեր
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին:
Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ ընթացող ծրագրերը՝ հնարավորության դեպքում նախաձեռնելով փոխգործակցության նոր ուղղություններ: