Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
Նախքան քննարկումը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ այսօր օրակարգ է բերվել մի հարց, որն, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում են հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական։
«Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, նախագահի ուշադրություն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան ընթացակարգով այս հարցի վիճակում»,- ասաց Ա. Մինասյանը։
Նա նաև ընդգծեց՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները։
«Արդեն 12-րդ օրն է մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում, մինչդեռ այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ է առաջանում՝ ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, նաև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթություն համարվող անվտանգության խնդիրների հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին։
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ իրենք ևս չեն մասնակցելու հարցի քննարկմանը։
«Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված համայնքների խոշորացման հարցի տրամաբանության ընտրությունը խիստ քաղաքական, անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապդնում, նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկին, «Պատիվ ունեմ»-ը նույնպես չի մասնակցելու հարցի քննարկմանը»,- ասաց նա։
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
- Գնացքը վաղը կգա ԱԺ. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման նախագծի վերաբերյալ
- Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ. Գեղամասար համանքի ղեկավար
- Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. Իրինա Գասպարյան
- Ինչո՞ւ է համայնքների խոշորացման նախագիծը ԱԺ բերվել ՏԻՄ ընտրություններից 2 ամիս առաջ. Բաբկեն Հարությունյան
- ԱԺ-ում մեկնարկել են համայնքների խոշորացման նոր օրենսդրական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները
- Խոշորացման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան
- Վահե Հակոբյան. Անհրաժեշտ է այս պահին կասեցնել համայնքների խոշորացման ծրագիրը