
Ուռուտը հերթական անգամ մերժեց հանքարդյունաբերությունը․ Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ուռուտ համայնքում չի կայացել հերթական հանրային լսումը։
Սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 12։00-ին «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն Ուռուտ բնակավայրում ցանկանում էր իրականացնել հանրային լսում՝ բազմամետաղների հանքավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Սակայն բնակիչների ընդվզման պատճառով, հանրային լսումները երրորդ անգամ չկայացան։
Նշենք, որ Ուռուտի բնակիչներն արդեն երկու անգամ արդեն մերժել են լսումները և կազմել համապատասխան արձանագրությունը առ այն, որ իրենք դեմ են հանքին և այդ թեմայով որևէ տեսակի լսումներին իրենց գյուղում։ Մեկ անգամ էլ լսումը չի կայացել ընկերության ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։