Վահե Հովհաննիսյան. Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով. Մաս 2
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հոդվածի երկորրդ մասը.
«Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Կարո՞ղ ենք վեր կանգնել մեղավորության նեղ շրջանակից։
Մեղավորի կամ մեղավորների ու նրանց մեղքի բաժնի որոշումը քաղաքական և իրավական այլ պրոցես և այլ գործիքակազմ է ենթադրում։ Դա չի լինելու ԱԺ-ում, դա չի լինելու հանձնաժողովում։
Մենք պետք է ժամանակի բավականին երկար հատվածի համար, որպես պետություն, հասկանանք մեր սխալները։ Դրանք չեն եղել մեկ օրում, չեն եղել մեկ ոլորտում, չեն եղել անսպասելի, չեն եղել մակերեսային։
Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու։
Եթե սա չարվի, ապա թեման կդառնա ընդամենը կաբինետային քննարկման առարկա, որից իշխանությունը դարձյալ կարող է հաղթող դուրս գալ, ինչպես հունիսի 20 –ի ընտրություններից։ Բայց պետությունը դրանից ոչ մի կերպ չի շահելու։ Ինչ-որ մի սենյակում իշխանությունը կհաղթի ընդդիմությանը։ Հետո՞ ինչ։
Ազգային խայտառակություն է, երբ երկրի ողջ իրականությունը և ընթացքը փոխած ծանր պատերազմից ու պարտությունից հետո հասարակությանը չի անում հարցադրումներ։ Խայտառակությունը մի կողմ. ապագայի համար խիստ վտանգավոր է՝ այսօր չտալ հարցեր ու չանել հետևություններ։
Եթե մենք չենք ուզում հասկանալ խորքային սխալները, ինչպե՞ս ենք հետևություններ անելու։ Ինչպե՞ս ենք գալիք փուլերում դրանցից խուսափելու։ Եթե նույնիսկ պատերազմի հավանականությունը նվազի, ու իրոք գա խաղաղության դարաշրջան, ապա այս տարածաշրջանում խաղաղությունը խիստ մրցակցային ու խիստ ռիսկային է՝ բազմաթիվ նրբությունների վրա հիմնված։ Եթե մենք չունենանք հասարակական, ազգային կոնսենսուսի հիման վրա մշակված կարմիր գծեր, սկզբունքներ, ապա խաղաղ դարաշրջանում մեր կորուստները կարող են լինել նույնքան շոշափելի։
Իշխանությունը օբյեկտիվորեն՝ տեխնիկական կողմում, ուժեղ է. նա ԱԺ-ում մեծամասնություն է։ Պարզվեց, որ ավելի ճկուն է և արագ է որոշումներ կայացնում։
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։
Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Դրա համար պետք է գտնել ճիշտ բովանդակային ձևակերպումներ, որոնք հասարակությանը կներքաշեն պրոցեսի մեջ։ Պետք է գտնել աշխատանքային ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։ Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։
Շարունակելի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան