«Վարդագույն քաղաք» թվային ինստալյացիան կկայանա ԳԱԿ Քանդակների պարտեզում
Սեպտեմբերի 25-ին, Եվրոպական ժառանգության օրերի և Իտալական դիզայնի օրվա շրջանակում, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը ներկայացնում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Վարդագույն քաղաք» թվային աուդիո-վիզուալ ինստալյացիան։
Գաֆէսճեան արվեստի կենրոնից մանրամասնում են, որ «Վարդագույն քաղաքը» սեպտեմբերի 25-ին ժամանում է Երևան՝ ամենավարդագույնը բոլոր քաղաքներից։ Երեկոյան ժամը 21։00-ից Կասկադ համալիրի ստորին հարթակի աստիճանների ու շատրվանների հատվածում կցուցադրվի իտալացի արվեստագետ Ֆրանց Չերամիի թվային մեծածավալ աուդիո-վիզուալ ինստալյացիան, որը պատմում է Սան Պաուլոյի, Երևանի, Կապրիի, Նեապոլի, Հռոմի, Փարիզի, Մարակեշի և Ռիո դե Ժանեյրոյի մասին՝ ներկայացնելով ձգտումը դեպի գունագեղ, փոփոխվող, ընդհատված աշխարհ․ մի աշխարհ, որն արտահայտվում է վայրերով, որոնք նոր կյանք են ստանում, տրամախաչման և ճանաչման պահեր բոլոր հասարակությունների համար։ «Վարդագույն քաղաք» ինստալյացիան աշխարհի մայրաքաղաքներով մեծ ճամփորդության շրջանակում պատմում է վարդագույն քաղաքի գեղատեսիլ և էմոցիոնալ գեղեցկության մասին։
Ինստալյացիան պատմում է այն վայրերի մասին, որտեղով անցել է արվեստագետը, և որոնք, հետևաբար, անցել են իր միջով՝ դառնալով երազած, կերպարանափոխված, ներկված ու կենդանացած քաղաքներ՝ տեսողական բանաստեղծությունների պես:
«Վարդագույն քաղաք» թվային ինստալյացիան կարող եք դիտել սեպտեմբերի 25-ին, սկսած 21։00-ից, Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադ համալիրի աստիճանների մոտ։
Թվային ինստալյացիան տեղի կունենա նաև սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, ժ․՝ 21։00-ին։
ԳԱԿ-ում նախագծի իրականացման համար Հայաստանում Իտալիայի դեսպանությունը համագործակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և «Matrixxeffect» ստուդիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան