Փոստանջյանը դիմել է դեսպաններին. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով իր նկատմամբ իրականացվող հետապնդմանը, որն ինքը համարում է քաղաքական.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոնին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին
ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ-ում Իրանի դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչին
ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիյա Պեյչինովիչ Բուրիչին
ԵԽԽՎ նախագահ տիկին Լիլիան Մորի Պասկեին
24 սեպտեմբերի, 2021թ.
ԴԻՄՈՒՄ
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Սույն դիմումով հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից` (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում:
Շուրջ երկու ամիս առաջ իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` պայթեցրել և հրկիզել են ամուսնուս ավտոմեքենան, բարեբախտաբար զոհեր չկան: Առայսօր` թեպետ տեսախցիկները արձանագրել են, որ պայթունից անմիջապես առաջ ավտոմեքենային մոտեցել են երեք տղամարդ և ինչ-որ բան են տեղադրել ու հեղուկ լցրել ավտոմեքենայի վրա, ՀՀ իրավապահ մարմինները չեն ցանկանում բացահայտել մեղավորներին: Ավտոմեքենան առայսօր գտնվում է բակում և հանդիսանում է իրեղեն ապացույց, որը ըստ ոստիկանության պետք է այդպես պահել:
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգությանը, որը կատարվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հետևելով ինձ, իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը:
Առևանգման հատուկ գործողության ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել:
Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումը ու լուսանկարներ և ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյան. Պահանջում եմ օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության
- Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի. Ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
- «Երկիր Ծիրանի»-ն Փոստանջյանի ամուսնու մեքենայի պայթեցումը որակում է որպես ահաբեկչական գործողություն
- Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված արարքը․ ՓՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան