11470 վարակակիրներից ընդամենրը 286-ն են, որ պատվաստված են. Անահիտ Ավանեսյան
«Այս պահին կովիդով հիվանդների համար 18 բժշկական հաստատությունում կա 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և տեղեկացրեց, որ նախորդ օրն իրականացվել է 6321 թեստավորում, որից դրական է եղել 906-ը և արձանագրվել է 16 մահ:
Նա հայտնեց, որ հանրապետության մահճակալային կարողությունների 85 %-ն այս պահին ծավալված և հավելեց, որ աշնանը լինելու են այլ հիվանդությունների աճ, հետևաբար՝ լարվածությունն առողջապահական համակարգի վրա բավական մեծ է լինելու և կոչ արեց պատվաստվել և պահպանել սահմանափակումները:
«Հիվանդության տարածումը և հոսպիտալացման թվերի աճը հնարավորինս զսպելու՝ քաղաքացիներին ուղղված մեր հորդորի նպատակն այն է, որ այլ հիվանդություններով քաղաքացիները ևս հնարավորություն ունենան օգտվելու բժշկական ծառայություններից»,- հայտարարեց Ավանեսյանը և հավելեց. «Մենք վերջին երկու օրերին օրական պատվաստումների թվերի շեշտակի աճ ունենք: Երեկ չէ առաջին օրն իրականացրել ենք 9924 պատվաստում, իսկ երեկ 8440 պատվաստում»:
Նրա խոսքով՝ ցուցանիշները ցույց են տալիս, որ քաղաքացիների մոտ պատվաստումների վերաբերյալ վստահությունը մեծացել է, քանի որ մարդիկ տեսնում են՝ կատարված բոլոր 385503 պատվաստումներից հետո խնդիրներ չեն լինում:
«Այս պահին ունենք 11470 քաղաքացի, որոնք ունեն կովիդի թեստերի դրական պատասխան և ընդամենը 286-ն են, որ պատվաստված են»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը և նկատեց, որ պատվաստումը 100%-ով չի կանխում նոր վարակը, բայց այդ քաղաքացիներն ավելի թեթև են տանում վարակը և 2006 հոսպիտալացվածներից միայն 38-ն է պատվաստված, որոնք նույնպես թեթև են տանում վարակը:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով ՊՇՌ թեստերի գումարը պետության կողմից փոխհատուցելու կոչերին, հայտարարեց, որ պետությունը ապահովում է անվճար պատվաստումը և քաղաքացին պետք է ընտրի վճարովի ՊՇՌ թեստավորման և պատվաստման միջև:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին