Լավրովն ու Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման աշխատանքները
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրակրկիտ քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր: Մանրամասն ուսումնասիրվել է Աֆղանստանում իրավիճակի զարգացումը: Երկու կողմերն էլ վերահաստատլ են իրենց պատրաստակամությունը` համատեղ ջանքերով նպաստելու այս երկրում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման խնդիրների շուրջ:
Նշվում է, որ ԱԳ նախարարները փոխադարձ տրամադրվածություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքների ուղղությամբ` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային թեմաների:
Նախարարները մանրամասն ուսումնասիրել են երկկողմ հարցերի լայն շրջանակ` կապված քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում ռուս-ֆրանսիական կապերի զարգացման հետ: Քննարկվել է հետագա շփումների ժամանակացույցը: