20 երկրի մոտ 60 գիտնականներ քննարկել են վարչական շրջանների բնապահպանական խնդիրները
Մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին: Նման մտահոգություն է հայտնել քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը հոկտեմբերի 25-26-ին Երևանում անցկացված «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ:
Գիտաժողովի կազմկոմիտեի անդամի կարծիքով, շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը, տեխնոլոգիական մշակումներին` մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը նշել է, որ թեման արդիական է Հայաստանի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, պրոռեկտորն ընդգծել է, որ այն ունի ուսումնասիրման տարբեր ասպեկտներ, որոնցից մեկը ինժեներական տեսանկյունն է:
«Շատ հաճախ միջավայրի աղտոտումները տեղի են ունենում արդյունաբերական գործունեության հետևանքով։ Այդ առումով պոլիտեխնիկական համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին։ Մենք երկու հիմնական ուղղություններով ենք զբաղվում. մեկը՝ քիմիական արդյունաբերության աղտոտիչներով, վտանգների վերացման, էկոլոգիապես ավելի մաքուր տեխնոլոգիաների մշակմամբ, երկրորդ ուղղությունը կապված է էներգետիկայի հետ։ Երկու ուղղությամբ էլ մենք ունենք ակտիվ աշխատող գիտական խմբեր»,-ասել է նա:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը հույս է հայտնել, որ գիտաժողովի ընթացքում անցկացվող քննարկումները կնպաստեն բնապահպանական խնդիրների նվազմանը, որոշ չափով՝ լուծմանը ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։
Գիտնականներն անդրադարձել են նաև «Շրջակա միջավայրի բնապահապանություն և վերահսկում», «Շրջակա միջավայրի անթրոպոգենային աղտոտման հայտնաբերումը», «Արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում» և այլ թեմաների։
«Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Աջակիցներն են՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիան, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական ու Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամները։
Մասնակցել են շուրջ 20 երկրի մոտ 60 գիտնականներ, ովքեր երկու օրերի ընթացքում քննարկում են վարչական շրջանների բնապահպանական վիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում