Հայտարարել ենք՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան
«Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակով երկխոսությունն է: Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա հայտարարեց, որ պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններից և առաջինի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որի մասին խոսվել է նաև նախկին իշխանությունների օրոք:
«Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների, իսկ բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են»,- ասաց Գրիգորյանը և շեշտեց, որ նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի:
Պատասխանելով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վիճակին վերաբերող հարցին ԱԽ քարտուղարը հայտնեց, որ ռուս գործընկերների, և Ադրբեջանի հետ քննարկումներում այդ իրավիճակի հարցը իրենք բարձրացնում են և ակնկալում, որ այն հնարավորինս արագ լուծվի։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել են ճանապարհին ստեղծված իրավիճակը և երկուստեք մտահոգություն ունեն ստեղծված վիճակի հետ կապված։
«Եվ՛ մեր ռուս գործընկերների, և՛ Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացնում ենք և ակնկալում ենք, որ հնարավորինս արագ լուծվի»,- ասաց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, հայկական կողմը այդ ճանապարհը պետք է կարողանար անվտանգ օգտագործել:
«Իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի այլևս որևէ խնդիր չառաջանա և հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք շահագործել»,- ասաց նա։
Խոսելով Արցախի հիմնախնդրի մասին՝ ԱԽ քարտուղարը կարգավորման միակ և կարևոր հարթակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
Նա հայտնեց, որ բոլոր երեք համանախագահներն էլ հայտարարել են, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և քննարկել կարգավիճակի հարցը:
«Արցախի Հանրապետության խնդիրը կարգավորված չէ, և նրա կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց նա:
Գրիգորյանի խոսքով, Արցախի խնդիրը միշտ եղել է ինքնորոշման հարց, այլ ոչ թե տարածքային վեճ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան