Համայնքների բաժանումն իրականացրել են ըստ իրենց թեկնածուների. Իշխան Սաղաթելյան
«Մենք սա որակում ենք ապօրինի գործընթաց և հանցագործություն, քանի որ ՍԴ ուղիղ պահանջը չի իրականացվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը համարում ապօրինի։
Նա ընդգծեց, որ ամբողջ պրոցեսը տեղի է ունենում ապօրինի, համապատասխան քննարկումներ տեղի չեն ունեցել, համայնքների կարծիքները չեն լսվել, համայքների շահը որևէ կերպ հաշվի չի առնվել։
«Մենք խոշորացմանը դեմ չենք, բայց դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել, ամբողջը քաղաքական պրոցես է, համայնքի ղեկավարներից ազատվելու, իրենց քաղաքական շահն առաջ տանելու համար է։ Համայնքների, համայնքների բնակչության շահն ամբողջությամբ անտեսված է։
Համայնքերի բաժանումն իրականացրել են ըստ իրենց թեկնածուների»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամը։
Նա ընդգծեց՝ սկզբունք չկա, համայնքի շահ չկա, կա քաղաքական նպատակ իրենց իշխանությունը համայնքներում ևս հաստատելու համար։
«Համայնքներում կա մեծ դժգոհություն։ Պարզապես շատ համայքների ղեկավարներ ավագանիներ, հաշվի առնելով գործող իշխանության այսօրվա վիճակը, համարձակություն չունեն դուրս գալ փողոց ու պայքարել։ 300-ից ավելի համայնքի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված»,- ասաց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը։
Իշխան Սաղաթելյանը իրենց՝ այսօրվա ԱԺ նիստին չմասնակցելը հիմնավորեց մեկ այլ խնդրով.
«Մեր երկիրը վտանգի մեջ է, ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են դրել մեր երկրում, Փաշինյանը նոր սիրախաղ է սկսել Էրդողանի հետ։ Երկիրը կանգնած է մարտահրավերի առաջ, սպառնալիքներն ավելի են խորանում։
Այս ֆոնի վրա, որ ոչինչ տեղի չի ունեցել ու մասնակցել այս ապօրինի գործընթացին, մեզ համար անթույլատրելի է»։
Նա նշեց, որ տարբեր մանկական պատճառաբանություններով մինչև հիմա չեն կազմակերպում իրենց կողմից առաջարկված՝ սահմանային իրավիճակը քննարկելու համար նիստ հրավիրել ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի և այլ իրավասու մարմինների ղեկավարների մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան