Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև. Իշխան Սաղաթելյան
«Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց։ Մենք ունենք լրջագույն մտահոգություն, նաև դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի այն սիրախաղը, որ սկսվել է այս օրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, պատահական չէր Էրդողանի երեկվա հայտարարությունը, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։
«Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Շատ հստակ է՝ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում մեր առջև դրել է 3 պայման, դրան ավելացել է ևս մեկը՝ միջանցք Սյունիքով»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Թուրքիայի նախկին երեկ պահանջները՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքայի տարածքային ամբողջականությունը։
«Շատ հստակ հարց եմ տալիս՝ Հայաստանի իշխանություններն այս 4 պահանջից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու։ Ես իրենց որևէ պնդմանը, թե միջանցք չի լինելու, չեմ հավատում և դրա բոլոր հիմքերն ունեմ։ Իրենք ինչ ասել են, արել են հակառակը», - ասաց Ի. Սաղաթելյանը։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն ասաց, որ իրենք իրենց պայքարի օրակարգից երբեք չեն հրաժարվում, այն է՝ այս իշխանությունները պետք է հեռանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։
«Այո, մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետև միայն խորհրդարանական գործունեությամբ երկրի առջև կանգնած մարտահրավերները, սպառնալիքները չենք կարող չեզոքացնել։
Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ խաղաղության չեն մուրում, պարտադրում են, իսկ խաղաղություն մուրալով իրենք նախապատրաստելու են կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա. «Սա դասական ճշմարտություն է»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, այս մարդիկ այլևս չեն ասում՝ նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի չեն գանալու, դա չեն էլ ժխտում, փորձում են հիմնավորել, թե այդ տարածքներն ադրբեջանական են։
Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ին «Հայաստան» դաշինքը դեպի Եռաբլուր երթ է կազմակերպում, դրանից հետո պարբերաբար ակցիաներ ու գործողություններ կլինեն։ Ի. Սաղաթելյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսած «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսելու են մարզային այցելություններ, շփումներ են ունենալու քաղաքացիների հետ և դա կարելի է դիտարկել այդ գործընթացի բացկացուցիչ մաս։
Նա նշեց, որ պատերազմը սկսվելու օրվանից՝ հոկտեմբերի 26-27-ից մինչև նոյեմբերի 9-ն ունեն պլանավորած բազմաթիվ միջոցառումներ։