Իսպանիայի կողմից հետախուզվող Կատալոնիայի նախկին առաջնորդը ձերբակալվել է Իտալիայում
Եվրախորհրդարանի պատգամավոր Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է Իտալիայի Սարդինիա քաղաքում, երբ կատալոնական փառատոնին մասնակցելու համար ժամանել է այնտեղ։ Այս մասին գրում է Euronews-ը՝ հղում անելով նրա փաստաբանին:
Կատալոնիայի նախկին առաջնորդը 2017-ից աքսորի մեջ էր՝ անկախության հանրաքվեում իր դերի պատճառով, որը Իսպանիայի կառավարությունն անօրինական էր համարում: Նա մեղադրվում է նաև պետական միջոցները չարաշահելու մեջ:
Պուչդեմոնը ձերբակալվել է իտալական սահմանապահ ոստիկանության կողմից՝ Ալգերոյի օդանավակայան ժամանելուն պես, հայտնել է նրա աշխատակազմի ղեկավար Խոսեպ Լյուշ Ալեյը:
Լյուիս Ալեյը Twitter-ում գրել է, որ Պուչդեմոնը կկանգնի Սասսարիի վերաքննիչ դատարանի առաջ, որը կորոշի՝ արտահանձնե՞լ նրան, թե՞ ազատ արձակել:
Պուչդեմոնի փաստաբան Գոնսալո Բոյեն Twitter-ում գրել է, որ նա ձերբակալվել է 2019 թվականի եվրոպական ձերբակալման օրդերի պատճառով, որը կասեցվել էր։
Եվրախորհրդարանը մարտին Պուչդեմոնին և նրա երկու գործընկերներին զրկեց անձեռնմխելիությունից:
Նրանք այնուհետև հուլիսին դիմեցին Եվրոպական դատարան՝ անձեռնմխելիությունը վերականգնելու համար, սակայն դատարանը մերժեց այն, հայտարարելով, որ պատճառ չկա, որ նրանք չեն կարող դատվել Իսպանիայում:
Հիշեցնենք, որ 2017թ․-ի հոկտեմբերի 1-ին անցկացված Կատալոնիայի անկախության հանրաքվեում մասնակիցների 92 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախանալուն, 8 տոկոսը՝ դեմ։ Սակայն սեպտեմբերի 7-ին այն արդեն Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից հայտարարվել էր անօրինական։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց Կատալոնիայի անկախությունը հռչակած Կառլես Պուչդեմոնին
- Կատալոնիայում անկախության կողմնակիցները մեծամասնություն են կազմել խորհրդարանում
- Կատալոնիայի անկախության կողմնակիցներն արգելափակել են Ֆրանսիա-Իսպանիա մայրուղին
- Մեծ Բրիտանիան մերժում է կատալոնական նախկին նախարարին արտահանձնել Իսպանիային
- Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման
- Կատալոնիայում փակել են ճանապարհներն ու պահանջում են անկախության նոր հանրաքվե