Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի գործով դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի փոփոխություն վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 18։00-ին։
Նշենք, որ հրատապ հրավիրված դատական նիստին պաշտանական կողմը միջնորդություն ներկայացնեց ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել, կիրառել գրավ, իսկ մեղադրողը միջնորդեց նշանակել դատաբժշկաական փորձաքննություն։
Դատական նիստի ժամանակ Ա. Չաչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Տենդենց եմ նկատել, որ սույն գործով ամեն գնով մեղադրանքի կողմը ցանկանում է պահել պարոն Չարչյանին կալանքի տակ։ Ամեն գնով։
Դատախազը մեծ հաշվով կասկած չի հարուցում առկա էպիկրիզների և տեղեկանքների տեղեկությունների վերաբերյալ, բայց նաև բավարար չի համարում այն խափանման միջոցի փոփոխման համար որպես հիմք օգտագործելու համար։ Ինչո՞ւ»։
Լրագրողների հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ եթե դատարանը բավարարի մեղադրողի միջնորդությունը, պետք է ստեղծվի համապատասխան անկախ հանձնաժողով, եզրակացություն տա, որից հետո հասկանան՝ արդյոք Արմեն Չարչյանի մոտ առկա հիվանդությունը համատեղելի է, թե անհամատեղելի կալանավորման հետ։
«Ես պնդեցի, որպեսզի դատարանն այս պահի դրությամբ քննարկի և լուծի մեր կողմից ներկայացված միջնորդությունը խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։ Որևէ խնդիր չեմ տեսնում, որ այդ միջնորդությունը լուծելուց հետո նոր դատարանը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնի, քանի որ հիվանդության անհամատեղելիությունը չի վերաբերում միայն կալանավորման հասկացությանը, վերաբերում է նաև պատիժը կրելու հասկացությանը։ Մենք չունենք առարկություն այդ առումով, չենք էլ կարող ունենալ, բայց նախաընտրում ենք, որպեսզի ի սկզբանե քննարկվի խափանման միջոցը, քանի որ ունենք մի քանի էական հանգամանքներ, որոնք որոշիչ դեր ունեն խափանման միջոցի փոփոխման համար»,- ասաց պարոն Չարչյանի պաշտպանը։
Նա ասաց, որ ամեն օր այցելում է Արմեն Չարչյանին, առողջական վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր։
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը սեպտեմբերի 1-ին Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Նիստը հրավիրվել է այսօր։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, սրտամկանի կաթված էր տարել, մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր նաև թոքաբորբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. Պաշտպան
- Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին
- Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ
- Բժիշկները հավաքվել են գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արմեն Չարչյանը հերքել է Վիտալի Բալասանյանի՝ իրեն այցելելու մասին լուրը. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում Ջհանգիրյանը մտնում է դատարանի շենք. Պաշտպան
- Չարչյանի գործի հետ կապված տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում. Վարդևանյան
- Իրենք որոշել են Արմեն Չարչյանին պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով. Վարդևանյան