Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
Օրերս Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան հաղորդագրություն տարածեց, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Թե ի՞նչ սարքի կամ նյութի մասին է խոսքը, Panorama.am-ը զրուցեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և Կենդանաբանության Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանի հետ։
Նրա խոսքով՝ նյութը, որի մասին հայտնում են գիտնականները, կարող է մաքրել Սևանա լիճը Cyanophyta խմբին պատկանող ջրիմուռներից՝ կլանելով դրանք։
«Այն հրաբխային կառուցվածք ունեցող գոյացություն է։ Հայաստանում այդ նյութը կա , բայց չի օգտագործվում։ Անցյալ տարի մեզ մոտ նախապատրաստական հետազոտական փուլ էր, իսկ այս տարի, բարեբախտաբար, այդպես հզոր բռնկում չեղավ լճում, որպեսզի նյութը լցնեինք լիճ և փորձեինք։ Լճից վերցրել էինք «ծաղկած» նմուշներ և այդ փոշանման նյութով մաքրել։ Արդյունքում ջուրը մաքրվեց և «ծաղման» էլեմենտներ չհայտնաբերվեցին։ Հասել էինք այն փուլին, որ մասնագետները պետք է ակտիվացնեին և ափերում գործածեինք այն՝ տեսնելու իրական էֆեկտը։ Սակայն դրա համար պետք էր, որ լճի ամբողջ ափերը ծաղկած լինեին։ Սա տեխնոլոգիա է,որը կմաքրի կամ կլինի «ծաղկման» դեմ պայքարի միջոց»,- ասաց գիտնականը։
Լուսինե Համբարյանի խոսքով՝ Հայաստանում այս մեթոդը նորություն է, մեր ջրային համակարգերում դեռևս չի կիրառվել և պրակտիվ փորձարկում չի ստացել։
Ըստ մասնագետի՝ եթե հաջողվի, ապա այն կլինի ամենաարդյունավետ և անվնաս տեխնոլոգիան,որը կմաքրի ջուրը։
«Դա և′ տնտեսապես է շահավետ, և′ բնական նյութ է, այսինքն՝ չունի արհետական ծագում։ Հանքային տարածքներում կան այդ նյութերը, քանի որ ունեն հանքային բաղադրություն։ Ծակոտկեն է և հաճախ օգտագործվում է շինարարության մեջ։Կարող ենք ասել, որ շրջակա միջավայրի համար անվնաս է և տնտեսապես շահավետ, էժան տեխնոլոգիա է լիճը մաքրելու համար»,- ասաց նա։
Համբարյանն ասում է, որ նորարությունը կփորձարկեն գալիք տարում, եթե նորից ակտիվ «ծաղկում» նկատվի լճում։
Այսուհանդերձ, նրա համոզմամբ՝ սա չի նշանակում , որ պետք է շարունակել լիճն աղտոտել կամ քայլեր չպետք է ձեռնարկվեն՝ մաքրման կայաններ տեղադրելու համար։
Սևանա լիճը մեր ունեցած հարստությունն է, պետք է աշխատել և հնարավոր ու անհնարինն անել՝ լիճը փրկելու և բազում խնդիրներից ազատելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայ գիտնականները նոր դեղատոմս են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար
- Սևանա լճից «լեվի» ջրառ է արվում՝ ՀԷԿ-երի համար․ Սիլվա Ադամյան
- «S.O.S. Սևան». Հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում