Վրաստանի լեռնային շրջանից ուղղաթիռով են զբոսաշրջիկներին տարհանել սողանքներից ճանապարհի փակվելու պատճառով
Վրաստանում Տուշեթիի բարձր լեռնային շրջանում արգելափակված տեղացի բնակիչներն ու զբոսաշրջիկները տարհանվում են ներքին գործերի նախարարության ուղղաթիռներով: Լուրը հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
Տուշեթիում հորդառատ անձրևները հզոր սելավների և սողանքների պատճառ են դարձել: Արդյունքում՝ վնասվել են Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի երեք հատվածներ, որը լեռներում գյուղ տանող միակ ուղին է:
Բացի այդ, նախորդ օրը տարածաշրջանում փլուզվել էր 18-րդ դարի Կեսելո ամրոցի աշտարակի պատը, որը մշակութային ժառանգության հուշարձան է: Տուշեթիում հորդառատ անձրևները վնասել են Պանկիմիի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, երեք գյուղ մնացել են առանց էլեկտրականության:
Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհն անցնում է ծովի մակարդակից 2926 մետր բարձրության վրա գտնվող լեռնանցքով: Սա Եվրոպայում ամենաբարձր ճանապարհային անցուղին է: 72 կմ երկարությամբ այս ճանապարհը ամենավտանգավորն է Վրաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա