Քառյակի երկրները նախատեսում են 1,2 միլիարդ COVID-19 պատվաստանյութի դեղաչափ նվիրաբերել
Քառակողմ անվտանգության երկխոսությանը մասնակցող երկրները ցանկանում են նվիրաբերել COVID-19 պատվաստանյութի ավելի քան 1,2 միլիարդ դեղաչափ: Խոսքը Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ճապոնիայի մասին է: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վերջիններիս համատեղ հայտարարությանը:
Պատվաստանյութը նախատեսվում է մատակարարել Quad Vaccine Partnership ծրագրի միջոցով:
«Որպես քառյակի երկրներ՝ մենք պարտավորվել ենք համաշխարհային մակարդակով նվիրաբերել ավելի քան 1,2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ, ի լրումն այն դեղաչափերի, որոնք մենք ֆինանսավորել ենք COVAX-ի միջոցով: Այսօրվա դրությամբ մենք միասին Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին մատակարարել ենք գրեթե 79 միլիոն դեղաչափ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ»,-ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի տարածած համատեղ հայտարարության մեջ:
Քառյակը նաև արձագանքել է կորոնավիրուսի վարակի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի արտահանումը վերսկսելու Հնդկաստանի կոչին, այդ թվում՝ նաև COVAX-ի համար: Առաքումները Նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերից:
Ակնկալվում է, որ Ճապոնիան 3,3 միլիարդ դոլար կտրամադրի արտակարգ աջակցության վարկային ծրագրին՝ կորոնավիրուսի ճգնաժամին արձագանքելու համար:
Ճապոնիան նաև կշարունակի օգնել տարածաշրջանի երկրներին գնել որակյալ, ապահով, արդյունավետ պատվաստանյութեր:
Անվտանգության քառակողմ երկխոսության հարթակը հիմնադրվել է 2007 թվականին՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հնդկական օվկիանոսի գոտում փոխազդեցության մեխանիզմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները