Գագիկ Ջհանգիրյանը Օմբուդսմենին առաջարկում է հրաժարական տալ, քանի որ իր աշխատանքից հաճույք չի ստանում (տեսանյութ)
Ազգային Ժողովում այսօր «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ասաց. «Երիտասարդ իրավաբան եք ու հարյուրավոր խնդիրներ եք ձեր գործունեության ընթացքում բարձրացրել, սակայն ինքներդ էլ խոստովանում եք, որ դրանցից քչերն են պրակտիկայում լուծում ստանում, ուղղակի արձանագրում եք: Ես ենթադրում եմ, որ ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, քանի որ չեք կարողանում կոնկրետ խնդիրը լուծել: Այսինքն, ձեր մեկնաբանմամբ չունեք այդպիսի լծակներ: Դուք ցանկություն չե՞ք ունենում հրաժարական տալ: Սա մարդկային առումով եմ հարցնում»:
Ի պատասխան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինքն ամենևին ցանկություն չունի հրաժարական տալու: «Իմ աշխատանքն անում եմ այնպես, որ կարծում եմ՝ քչերը կամ գրեթե չի լինի իմ ճանաչած իրավաբաններից մեկը, որ դա աներ նույնքան արդյունավետ ներկայիս թե օրենսդրական, թե հասարակական, թե այս պատմական ժամանակաշրջանում: Երբ տեսնեմ որևէ մեկին, որ այս իրավիճակում ավելի լավ կանի այդ աշխատանքը, կսկսեմ քննարկել այդ հարցը: Ինչ վերաբերում է հաճույք ստանալուն, ապա դժվար թե այս դառը աշխատանքը որևէ մեկին կարող է հաճույք պատճառի: Այդ հաճույքի բավարարումը ես ունեցել եմ և ասեմ ինչում է կայացել՝ 100 մարդուց, եթե գոնե մեկին կարողանում ես օգնել, դա այնքան հաճույք է պատճառում, որ կարողանում է փակել բոլոր մյուս դժվարությունները: Շատ կուզենայի, որր այստեղ նստածներից յուրաքանչյուրն ունենա այդ հաճույքը՝ օրական գոնե մեկին օգնություն ցույց տալու առումով»:
Մանրամասները տեսանյութում: