Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան
«Մենք կարող ենք կամուրջի դեր կատարել մասնագիտական հանրությունում գեներացված խնդիրները ՍԴ փոխանցելու համար»,- ԱԺ-ում սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը ՍԴ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ կազմակերպված քննարկման մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արա Վարդևանյանը:
Նա բերեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ՍԴ դիմելու նախկին երկու օրինակը կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարեկանը լրացած լինելով ԲԴԽ-ն ղեկավարելու իրավունքի և ՀՀ քաղաքացիներին պատվաստվել պարտադրելու օրինագծի վերաբերյալ և հանդիպման մասնակիցներին առաջարկեց անկաշկանդ քննարկում ծավալել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ներկա իրավաբաններին մասնակցության համար, որով նրանք հնարավոր են համարում ըննդիմադիր խմբակցությունների կողմից իրենց բարձրացրած հիմնահարցերով ՍԴ դիմելու ձևաչափը:
Նկատելով, որ իրավական համակարգն երբեք էլ կատարյալ չի եղել՝ Մկրտչյանը հայտնեց.«Բայց այսօր խոսքը գնում է այն մասին, որ իշխանական աթոռներին նստած անձինք, իրենց համար փոքրիշատե դուրեկան ցանկացած նախադասությունը կարողանում են անցկացնել իրավական, ձևական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման, և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների տեսանկյունից»:
Պատգամավորն առաջարկեց քննարկել այն քրեական գործերը, որոնք վերջին շաբաթվա ընթացքում հարուցվել են Նիկոլ Փաշինյանին վիրավորելու հիմքով, քանի որ դրանք իրավական որոշակիության առումով խնդիրներ ունեն: