Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետպատերազմյան առաջին հանդիպումը
Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում հայտնել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման մասին, որը անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում:
Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, կայացել է նաև արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։
Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ ուղիղ երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղ կարգավորման գործընթացը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։
Միջնորդներն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը՝ Արցախի հակամարտության և նրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար։
Միջնորդները կոնկրետ, նպտակային միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացիայի և հետագա քայլերի վերաբերյալ»։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ համանախագահները սեպտեմբերի 24-ին հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեի հետ` վերջին մեկ տարվա իրենց միջնորդական ջանքերի, ինչպես նաև վերջին զարգացումների մասին նրանց տեղեկացնելու համար: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան