Վարագա Սուրբ Խաչի տոնի գիշերը
Տերունական Խաչափայտի մասունքը սեպտեմբերի 25-ին կրկին կվերադառնա իր երբեմնի տուն՝ Նոր Վարագավանք՝ հանդիպելու Տիրոջ ընտրյալ ժողովրդին։ Ժամը 21։00-ին կսկսվի գիշերային հսկման արարողությունը։
Տավուշի թեմից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի անդաստանի կարգ։ Ավարտին «Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա բացօթյա համերգով։
Հայտնի է, որ չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։ Այժմ այն գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և տարին մեկ անգամ է գալիս Տավուշ աշխարհ։