Բացվել է պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և մասնակցել Արցախյան երրորդ պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջորդիների պայծառ հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը նրանց պայքարը շարունակելու հաստատակամությամբ Արցախի զորացման գործին լծվելն է: