Հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հոգեհանգստյան արարողությունը՝ սեպտեմբերի 26-ին
Անվանի կինոօպերատոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Լևոն Աթոյանցի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 17։30-ից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը` սեպտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին՝ նույն տեղից։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից։
Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում։ Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր։ Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի։
1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր։ Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը։ 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր։ 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների։
Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի։ 1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։ Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով։ 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:
Աթոյանցի նկարահանած ֆիլմերից են՝
1970 թվական՝ «Մորգանի խնամին»
1970 թվական՝ «Հեղնար աղբյուր»
1973 թվական՝ «Քաոս»
1978 թվական՝ «011 աքսորականը»
1981 թվական՝ «Խոշոր շահում»
1983 թվական՝ «Վառված լապտեր»
1992 թվական՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
1993 թվական՝ «Աղետ»
2008 թվական՝ «Տխուր փողոցի լուսաբացը»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները